Thursday, August 16, 2012

ԵՍ ԵՄ ՃՇՄԱՐԻՏ ՈՐԹԱՏՈՒՆԿԸ /Հովհաննես 15:1/


15 «1Ես եմ ճշմարիտ որթատունկը, եւ իմ Հայրը մշակն է։ 2Ամէն ճիւղ, որ իմ վրայ է եւ պտուղ չի տալիս, նա կտրում է այն. եւ այն ամէնը, որ պտուղ է տալիս, էտում է, որպէսզի առաւել եւս պտղաբեր լինի։ 3Դուք արդէն իսկ մաքուր էք այն խօսքի համար, որ ձեզ ասացի։4Մնացէ՛ք իմ մէջ, եւ ես՝ ձեր մէջ. ինչպէս ճիւղը, որ ինքն իրեն չի կարող պտուղ տալ, եթէ որթատունկի վրայ հաստատուած չլինի, նոյնպէս եւ դուք՝ եթէ իմ վրայ հաստատուած չլինէք։ 5Ես եմ որթատունկը, իսկ դուք՝ ճիւղերը։ Ով բնակւում է իմ մէջ, եւ ես՝ նրա մէջ, նա շատ պտուղ է տալիս, որովհետեւ առանց ինձ ոչինչ անել չէք կարող։ 6Եթէ մէկը իմ վրայ հաստատուած չէ, նա ճիւղի նման դուրս կը նետուի եւ կը չորանայ, եւ այն կը հաւաքեն ու կրակը կը նետեն, եւ կ՚այրուի։ 7Եթէ իմ մէջ մնաք, եւ իմ խօսքերն էլ մնան ձեր մէջ, ինչ որ ուզենաք, խնդրեցէ՛ք Աստծուց, եւ ձեզ կը տրուի։ 8Իմ Հայրը փառաւորուած կը լինի նրանով, որ դուք շատ պտուղ տաք եւ իմ աշակերտները լինէք։»։
Հովհաննես 15:1-8

Ավետարանական այս հատվածում Քրիստոս խոսում է հրեաների քաջ հայտնի մի խորհրդանիշի մասին, այն է` խաղողի որթատունկը: Հինկտակարանյան մարգարեները բազմիցս նույնացրել են հրեա ժողովրդին խաղողի որթատունկի հետ:
Հրեական միջավայրում ամենուր կարելի էր տեսնել խաղողի, խաղողի որթատունկի խորհրդանիշը: Խաղողի որթատունկի ոսկե քանդակով էր զարդարված Սրբություն Սրբոցի մուտքը և բոլոր մեծահարուստ հրեաների երազանքն էր ոսկի նվիրել տաճարին այդ որթատունկի համար. նրանց համար մեծագույն երջանկություն էր անգամ խաղողի մեկ հատիկի սեփական ոսկուց պատրաստված լինելը: Խաղողի որթատունկն էր դրոշմված նաև Մակաբայեցիների դրամների վրա:
Հին Կտակարանում հրեա ժողովուրդը շատ անգամ նմանեցվում է Աստծո կողմից տնկված որթատունկի, սակայն զարմանալին այն է, որ այդ որթատունկը գրեթե միշտ անպտուղ է, իսկ երբեմն էլ` պտուղի փոխարեն փուշ տվող:
Եսայի մարգարեն հրեա ժողովրդին նույնացնում է խաղողի այգու հետ, որն Աստված տնկեց մի գեղեցիկ վայրում, ձողեր խփեց նրա շուրջ բոլորը, ցանկապատեց այն, հնձան փորեց, մշակեց և սպասեց, որ պտուղ տա, սակայն պտուղի փոխարեն այգին փուշ տվեց /Եսայի 5:1-7/:
Երեմիա մարգարեի միջոցով նույնպես Աստված խոսում է հրեա ժողովրդի հետ ու ասում. «Ես քեզ տնկեցի իբրեւ համակ ազնիւ եւ պտղաբեր որթատունկ. ինչո՞ւ ինձ համար դառնութեան փոխուեցիր, ո՛վ դու, որթատո՛ւնկդ օտարացեալ» /Երեմիա 2:21/:
Հովհաննեսի Ավետարանից վերցրած այս հատվածում Քրիստոս շատ գեղեցիկ կերպով ներկայացնում է բոլոր խաղողագործներին քաջ հայտնի երեք կարևոր միտք.

Ա. Ամեն ճյուղ, որ որթատունկի վրա է և պտուղ չի տալիս, պիտի կտրվի:
Բ. Այդ ճյուղերը պիտի չորանան և կրակը նետվեն:
Գ. Իսկ այն ճյուղերը, որոնք պտուղ են տալիս, պիտի էտվեն:

Ինչպես հայերը, այնպես և հրեաները այս աշխարհի ամենահին խաղողագործներն են: Իսկ բոլոր խաղողագործները շատ լավ գիտեն, որ խաղողը մեծ թափով է աճում, այն շատ փարթամ և սաղարթախիտ է լինում: Եվ եթե մշակը պտուղ չտվող ճյուղերը ժամանակին չկտրի, ապա այդ ճյուղերն իրենց աճն ապահովելու համար իզուր վատնած կլինեն ամբողջ որթատունկի կենսական ուժերը: Իսկ կտրված ճյուղերը, բացի այրվելուց ուրիշ ոչնչի համար պիտանի չէին: Սրանք անգամ չէր կարելի նվիրաբերել տաճարին: Այդ չորացած ճյուղերը հրեաները հավաքում էին մի առանձին վայրում և այրում էին:
Իսկ այն ճյուղերը, որոնք պտղատու էին, ենթարկվում էին էտման, որը նպաստում էր առավել մեծ քանակությամբ պտուղ ստանալուն: Զարմանալի և մեծ խորհուրդ ունի այս օրինակն իր մեջ: Ե՛վ անպտուղ ճյուղերը, և՛ պտուղ տվող ճյուղերը ենթարկվում են կտրման, սակայն առաջինները ոչնչացվելու համար, իսկ մյուսները առավել պտղաբերելու:
Նույնպես և բոլոր քրիստոնյաները բաժանվելու են երկու մասի` պտուղ չտվող և պտղատու: Բոլոր նրանք, ովքեր պտուղ չտան, երկրավոր կյանքում արդեն իսկ դուրս կլինեն Տիրոջ ներկայությունից, իսկ նրանք, ովքեր պտուղ կտան` փորձությունների ենթարկվելով առավել զորավոր ու արգասաբեր կլինեն:
Իսկ երբ Քրիստոս ինքն իրեն ներկայացնում էր որպես Ճշմարիտ որթատունկ, ուզում էր հասկացնել հրեա ժողովրդին, որ միայն հրեական ծագում ունենալը, միայն ազգությամբ հրեա լինելը դեռ չի նշանակում Աստծու կողմից տնկված կամ Աստծու կողմից ընտրված լինել: Հետևաբար միայն նրանք են Տիրոջ ժողովուրդը, Աստծու կողմից ընտրված, ովքեր որ Քրիստոսին են ընդունում, ովքեր որ կապված են Քրիստոսի հետ:
Հետաքրքրական է և ուշադրության արժանի, որ Քրիստոսի բերած օրինակը չի վերաբերում իրեն հավատացողներին և չհավատացողներին: Երկու դեպքում էլ խոսքը որթատունկի ճյուղերի մասին է: Ե՛վ անպտուղները, և՛ պտղատուները Քրիստոսին հավատացողներն են:
Այդ պատճառով էլ Քրիստոս այսօր էլ զգուշացնում է, որ բոլոր նրանք, ովքեր մկրտված են, հավատում են Սուրբ Երրորդությանը, հաճախում են եկեղեցի, մասնակցում են ինչ-ինչ պաշտամունքների, ունկնդիր լինում զանազան քարոզների, դեռ չի նշանակում, թե ճշմարիտ քրիստոնյաներ են: Բոլոր նրանք, ովքեր Քրիստոսին չունեն իրենց սրտում, որթատունկի անպտուղ ճյուղեր են: Այո՛ հավատացեք, որ կարելի է մկրտված էլ լինել, զանազան քրիստոնեական հարանվանությունների էլ հետևել, ինչ-ինչ կանոններ էլ կիրառել, սակայն սրտի խորքում քրիստոնյա չլինել: Արտաքին պայմանները միշտ էլ ավելի հեշտ է բավարարելը, իսկ ներքինը` դժվար:
Մնում է միայն հետևել Տիրոջ այն խոսքին, որ ասաց. «Մնացէ՛ք իմ մէջ, եւ ես՝ ձեր մէջ. ինչպէս ճիւղը, որ ինքն իրեն չի կարող պտուղ տալ, եթէ որթատունկի վրայ հաստատուած չլինի, նոյնպէս եւ դուք՝ եթէ իմ վրայ հաստատուած չլինէք»։



No comments:

Post a Comment